Հայոց եղեռնը դատապարտող մեղադրականներով տարբեր ժամանակներում հանդես են եկել հայ և օտարազգի բազմաթիվ մտավորականներ, հասարակական և պետական գործիչներ։ Նրանց թվում առանձնահատուկ է Ֆրանց Վերֆելը` իր «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպով, որտեղ գեղարվեստական ոճով հեղինակը նկարագրում է 1915 թվին թուրքերի իրագործած հայերի ցեղասպանության մի դրվագ։
Այն վերաբերում է Մուսա լեռան շրջակայքում բնակվող մոտ 5000 հայերի 40 օրվա դիմադրությանը թուրքական զորքին։ Ո՞վ էր այդ մարդը, որ Հայոց եղեռնի մասին նման արդարամիտ վեպ է գրել։
Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թվին՝ Պրահայում, հրեական ընտանիքում։ Ավարտելով Պրահայի համալսարանը, նա տեղափոխվում է Ավստրիա, որտեղ էլ հետագայում պարբերաբար լույս են տեսնում նրա բանաստեղծությունների ժողովածուները, վեպերը և դրամաները։
«Մուսա լեռան քառասուն օրը» վեպը նա ուրվագծել էր դեռևս 1929 թվին, երբ Դամասկոսում հանդիպում է խեղանդամ ու սովալլուկ հայ մանուկների։ Ավելի քան երեք տարի Վերֆելն ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ցեղասպանության մասին փաստաթղթերը, զրուցում կոտորածներից մազապուրծ հայերի հետ և միայն 1932 թ. հուլիսից մինչև 1933 թ. մարտը, 9 ամիս անց ծնունդ է առնում «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որտեղ հեղինակն ամբողջ աշխարհին ներկայացնում է թուրքական իշխանությունների իրական դեմքը։
Վեպը տպագրվում է 1934 թվին։
Ֆաշիստների կողմից Ավստրիայի օկուպացումից հետո Վերֆելը գաղթում է Ֆրանսիա, հետո՝ Կալիֆոռնիա, որտեղ էլ 1945 թվին մահանում է։
Չգիտեմ, որևէ հայ գիտի՞ նրա գերեզմանի տեղը։ Կարծում եմ՝ դրանով պիտի զբաղվել և գտնելով՝ ամենամյա հարգանքի տուրք մատուցել նրա աճյունին՝ ծաղիկներ դնելով և հիշելով հայ ժողովրդի մեծ բարեկամին։ Առաջարկում եմ նաև Երևանում նրա հիշատակը հավերժացնող մի հուշարձան կանգնեցնել։
Հուսով եմ՝ ՀՀ իշխանությունները, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, բարեգործները կարձագանքեն այս առաջարկին, և հուշարձանը կկառուցվի, դառնալով մեր երախտագիտության առհավատչյան հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրանց Վերֆելին։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ